Ֆինանսական ընկերությունում աշխատող չինացի կինը մեղադրվում է 2,4 միլիոն դոլար յուրացնելու մեջ, որը նա ծախսել է շքեղ ապրելակերպի, կոսմետիկ վիրահատությունների և մոլեխաղերի վրա, գրում է South China Morning Post-ը։
Վանգ Ցզինը ամսական վաստակում էր մոտ 1100 դոլար, միաժամանակ ապրում էր «միլիոնատիրոջը վայել» կյանքով։ Վեց տարվա ընթացքում նա պարբերաբար 42 հազար դոլար է ծախսել ծերացման դեմ պայքարի միջոցների վրա։ Նա միաժամանակ պարբերաբար շքեղ իրեր, ներառյալ՝ ադամանդակուռ ապարանջաններ և սահմանափակ քանակությամբ թողարկված կոկորդիլոսի կաշվից պատրաստված պայուսակներ էր գնում։ Բացի դրանից, չինուհին պարբերաբար Մակաոյի խաղատներ էր այցելում։
Կինն աշխատում էր ձեռնարկատեր Սյուին պատկանող՝ 2018 թվականին հիմնադրած ընկերությունում: Ֆինանսական գործարքները հեշտացնելու համար Սյույոն և Վանը մշակել են առցանց բանկային համակարգ, որն ամբողջությամբ վերահսկում էր գանձապահը: Ավելին, ձեռնարկատերը վստահում էր Վանգին և նույնիսկ վարձել էր մասնագիտական հաշվապահական ընկերություն՝ ընկերության ֆինանսները հետևելու համար, ինչը, նրա կարծիքով, լիակատար թափանցիկություն կապահովեր։
Սակայն պարզվել է, որ Վանգը կորպորատիվ հաշիվն օգտագործել է որպես անձնական դրամապանակ։ Սխեման բացահայտվել է միայն այն ժամանակ, երբ հարկային պաշտոնյաները լուրջ անհամապատասխանություններ են հայտնաբերել ընկերության ֆինանսական գործունեության և հարկային հաշվետվությունների միջև։ Այդ ժամանակ բոլոր կորպորատիվ հաշիվները դատարկ էին, և բիզնեսի սեփականատերն աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար ստիպված էր օգտագործել անձնական խնայողությունները։
Արդյունքում Վանգը ձերբակալվել է յուրացման և խարդախության մեղադրանքով։ Դատավարությունը շարունակվում է։ Սոցիալական ցանցերի օգտատերերը զարմացած են, թե ինչպես կարող էր նման մասշտաբի գողություն տեղի ունենալ մի ընկերությունում, որտեղ պարբերաբար ֆինանսական աուդիտներ էին իրականացվում։
«Մի՞թե ղեկավարը երբեք չի ստուգել հաշվապահական գրքերը։ Ինչո՞ւ վեց տարի պահանջվեց դա բացահայտելու համար։ Մի՞թե ամսական, եռամսյակային կամ տարեկան աուդիտներ չեն եղել»,- գրել է մեկնաբաններից մեկը։




























