Իրանը շարունակում է համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և չի բացառում, որ ապագայում գործակալության տեսուչները կարող են վերադառնալ երկիր։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Մենք շարունակում ենք նրանց (ԱԷՄԳ-ի) հետ աշխատել, մեզ անհրաժեշտ է աշխատանքի նոր կարգ, քանի որ օբյեկտները ոչնչացվել են։ Կախված աշխատանքի կարգից՝ դա (տեսուչների վերադարձը) հնարավոր է», — ասել է Իրանի արտգործնախարարը։

Հուլիսի 12-ին Արաղչին հաստատել է, որ չի դադարեցրել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, սակայն դա կստանա նոր ձևաչափ, «ինչը բացարձակապես բնական է՝ հաշվի առնելով գոյություն ունեցող իրականությունը և տեղի ունեցած իրադարձությունները»։ Նախարարը հավելել է, որ Մեջլիսի օրինագծի համաձայն՝ Թեհրանի հետագա համագործակցությունը գործակալության հետ կկարգավորի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։