Սակրամենտոյի դելտայի՝ ար-դեկո ոճի պատմական հյուրանոցով հայտնի տարածքում ազատորեն թափառող տասնյակ արու և էգ սիրամարգեր են անհետացել, հյուրանոցի անձնակազմի կարծիքով թռչուններին գողացել են, հաղորդում NBC News-ը։

Երբ Ryde հյուրանոցի հյուրերից մեկը կիրակի օրը հայտնել է, որ տեսել է՝ ինչպես են երկու տղամարդ բռնել թռչուններից մեկին և փակել նրան բեռնատարի հետևի մասում տեղադրված վանդակում: Դրանից հետո անձնակազմը հաշվել է թռչուններին և պարզել, որ մնացել է միայն չորս սիրամարգ, պատմել է հյուրանոցի մենեջեր Դեյվիդ Նիլսենը:

«Չենք հասկանում՝ ինչու պետք է որևէ մեկը դա աներ, բայց անձնակազմը վշտից տառապում է»,- ասել է Նիլսենը։

Ոստիկանությունը դեպքը հետաքննում է որպես սեփականության դեմ ուղղված հանցագործություն։ Արուների արժեքը գնահատվում է 2000, իսկ էգերինը՝ 1000 դոլար, ասել է  Սակրամենտո շրջանի շերիֆի գրասենյակի սերժանտ Ամար Գանդին։ Նա որևէ լրացուցիչ տեղեկություն չի տրամադրել։

Հյուրանոցի սեփականատերը 14 տարի առաջ գնել է հինգ թռչուն՝ տարածքը զարդարելու համար։ Ժամանակի ընթացքում սիրամարգերն այնքան բազմացել են, որ դարձել են հյուրանոցի կերպարի անբաժանելի մասը, նշել է Նիլսենը։

Թռչուններին կերակրել են ֆիլե մինյոնի, փրայմ ձկան և սաղմոնի կտորտանքներով, և նրանք աստիճանաբար ընտելացել են հյուրանոցին։ Անձնակազմը սկսել է նրանց ընտանի կենդանիներ համարել և նույնիսկ անուններ է կնքել։

Հյուրանոցի սննդի կազմակերպման համակարգող Ռաֆայել Գուրվիչը պատմել է, որ օրական երկու անգամ կերակրում էր մոտ 15 սիրամարգի։ Նա ամենամեծին անվանում էր Ալի Բաբա, կրճատ՝ Բաբա, քանի որ հյուրանոցում շրջում էր այնպես, ասես սեփականատերն ինքը լիներ։

Սիրամարգերը սովորաբար զուսպ են լինում, բայց Բաբան «շան բնավորություն ուներ», -հավելել է նա։

Անհետացման մասին լուրը տարածվելուց հետո հյուրանոցը սկսել է զանգեր ստանալ թռչունների հնարավոր գտնվելու վայրերի վերաբերյալ, այդ թվում՝ հարևաններից, ովքեր հանկարծակի նոր փետրավոր «ընտանի կենդանիներ» են ձեռք բերել, ասում է Նիլսենը:

Անձնակազմը հույս ունի, որ թռչունները կգտնվեն և կվերադարձվեն։ Առայժմ հյուրանոցն ուժեղացնում է իր անվտանգության միջոցառումները. տեղադրվել են լրացուցիչ տեսախցիկներ և նախատեսվում է ցանկապատեր կառուցել։