Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից 2011թ բացահայտված հանցագործությունների փաստով հարուցվել է 20 քրեական գործ։ Այս մասին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից` NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան: Նրանց փոխանցմամբ` 2010 թվականին հարուցվել էր 15 քրեական գործ։
Հարցին, թե հարուցված քրգործերից քանի՞սն են կապված կոնկրետ անձանց հետ, մասնավորապես` նրանց վերաբերյալ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու վերաբերյալ, ոստիկանությունից հայտնեցին. «2011 թվականին ՀՀ Քրեական օրենսգրքի 263 հոդվածով, այն է՝ «Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը», հարուցվել է 3 քրեական գործ։ Մասնավորապես` տվյալ քրգործերից առաջինը կապված է հանրությանը հայտնի դերասանուհու վերաբերյալ պոռնկագրական նյութերի տարածման հետ, 2-ը՝ մասնավոր անձի կողմից սեփական պոռնկագրական բնույթի նկարներով սոցիալական կայքում հանդես գալու հետ եւ 3-ը նույնպես մասնավոր անձի կողմից ինտերնետային անհայտ կայքից ձեռք բերված տեսանյութերով սոցիալական կայքում հանդես գալու եւ տարածելու հետ»:



























