ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 30-ին Սպիտակ տանը կընդունի իր վրացի գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիին: այդ մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը հաղորդել է, որ նախագահները կքննարկեն Աֆղանստանի անվտանգության հարցը, ինչպես նաեւ Վրաստանում անցկացվող բարեփոխումները, որոնք «ուղղված են նրան, որ Վրաստանի քաղաքացիներն անձամբ երկրի ապագան ընտրելու, տնտեսական մեծ հաջողությունների հասնելու եւ երկրի առաջնորդներին ընտրելու հնարավորություն ստանան»:
Դեսպանն ընդգծել է, որ նախագահների հանդիպումը համընկնում է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, գրում է «Գռուզիա Online»-ը:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու երկրների նախագահները նախատեսում են քննարկել ԱՄՆ եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հարցեր, մասնավորապես` առեւտրի, էներգետիկայի, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի եւ անվտանգության բնագավառներին առնչվող:



























