«Եթե Ռուսաստանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունն Ադրբեջանի շահերի նկատմամբ, ապա պաշտոնական Բաքուն կսկսի դիտարկել Ուկրաինային իր զինանոցում գտնվող սպառազինության մատակարարման էմբարգոն վերացնելու հարցը»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի կառավարամետ լրատվամիջոցը՝ հղում անելով «հավաստի աղբյուրներին»։
Ալիևյան քարոզչության խոսափողը ռուսաստանյան զինված ուժերին մեղադրել է «Ուկրաինայի տարածքում Ադրբեջանի էներգետիկ օբյեկտներին հաջորդական հարվածներ հասցնելու մեջ»։
«Տվյալ իրավիճակը Բաքվին ստիպում է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս ամենն անխուսափելիորեն կհանգեցնի երկկողմ հարաբերություններում ճգնաժամի էլ ավելի խորացմանը»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը «ռուսաստանյան զորքերը գրոհել են Ուկրաինայի Օդեսայի մարզում ադրբեջանական SOCAR ընկերության նավթաբազան»։
Ավելի վաղ գրոհվել էր նաև Օրլովկայի մոտակայքում գտնվող գազաբաշխիչ կայանը՝ Տրանսբալկանյան գազատարի առանցքային տարրը, որով հունիսի 28-ին Ուկրաինա է սկսել մուտք գործել ադրբեջանական գազ, հայտնել են բաքվեցի լրագրողները։