ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի արտակարգ նիստ է անցկացրել, որը հրավիրվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սլովենիայի, Դանիայի և Հունաստանի նախաձեռնությամբ, հաղորդում է Euronews-ը։

Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Գազայի հատվածում իրավիճակի շուրջ քննարկումն ավարտվել է առանց բանաձև ընդունելու։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գազայի վրա Իսրայելի հարձակման ընդլայնումն անվանել է «վտանգավոր սրացում» անկլավի երկու միլիոն խաղաղ բնակիչների, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի մոտ դեռևս գերության մեջ պահվող իսրայելցի պատանդների համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով օգնական Միրոսլավ Ենչան զգուշացրել է, որ անկլավում ռազմական գործողությունն ընդլայնելու Իսրայելի կառավարության ծրագիրը կարող է լայնածավալ հետևանքներ ունենալ։

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Կարիուկին Իսրայելի կառավարությանը կոչ է արել հրաժարվել Գազայում ռազմական հարձակումն ընդլայնելու իր ծրագրերից։

Ի տարբերություն դրա, ԱՄՆ ներկայացուցիչ Թեմի Բրյուսը մեղադրել է Իսրայելին քննադատող կառավարություններին ՀԱՄԱՍ-ին աջակցելու մեջ։

Իսրայելի ներկայացուցիչը կրկնել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կիրակի օրը արած հայտարարությունները, որ իր երկիրը «Գազան մշտապես օկուպացնելու որևէ ծրագիր կամ ցանկություն չունի» և որ իր նպատակն է ազատագրել այդ հատվածը ՀԱՄԱՍ-ից։