Ազգային գվարդիա ուղարկելը Չիկագո, Իլինոյս նահանգում միայն անկայունացնելու է իրավիճակը քաղաքում, կարծում է քաղաքապետ Բրենդոն Ջոնսոնը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ ինքն ամերիկյան մայրաքաղաքից հետո կարգուկանոն է հաստատելու երկրի այլ ազատական քաղաքներում, ինչպիսին են Նյու Յորքը, Չիկագոն և Լոս Անջելեսը։
«Անցյալ շաբաթ մենք իմացանք, որ նախագահ Թրամփը 158 միլիոն դոլարով կրճատել է բռնության կանխարգելման ծրագրերի ֆինանսավորումը Չիկագոյի նման քաղաքներում։ Եվ դա ի լրումն Թրամփի վարչակազմի՝ զենքի կիրառմամբ բռնության կանխարգելման գրասենյակի վերացմանը և երկրում բռնության դեմ պայքարի ավելի քան 800 միլիոն դոլարի դրամաշնորհների չեղարկմանը։ Եթե նախագահ Թրամփը ցանկանում է օգնել Չիկագոն ավելի անվտանգ դարձնել, նա կարող է սկսել բռնության դեմ պայքարի ծրագրերի ֆինանսավորումը… Ազգային գվարդիա ուղարկելը միայն անկայունացնելու է իրավիճակը մեր քաղաքում և խաթարելու է հասարակական անվտանգությունն ապահովելու մեր ջանքերը»,- նշել է Ջոնսոնը քաղաքային խորհրդի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ։
Քաղաքապետը նշել է, որ հասարակական անվտանգությունը եղել է գերակա խնդիր իր պաշտոնավարման առաջին օրերից ի վեր։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նրա ղեկավարությամբ սպանությունների թիվը նվազել է ավելի քան 30 տոկոսով, իսկ կրակոցների թիվը՝ գրեթե 40 տոկոսով։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ Ամերիկայի մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի իր ջանքերի շրջանակում։ Նա նշել է, որ Վաշինգտոնի ոստիկանությունը հանձնում է ԱՄՆ դաշնային կառավարության անմիջական վերահսկողությանը։





























