Հնդկաստանն ու Չինաստանը մտադիր են վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը արդեն հաջորդ ամիս։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանի կառավարությունը ավիաընկերություններին խնդրել է արագ կերպով չվերթներ կազմակերպել դեպի Չինաստան, իսկ պաշտոնական հայտարարությունը հնարավոր է, որ արվի արդեն օգոստոսի վերջին Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։

Չինաստանն ու Հնդկաստանը մտադիր են հաջորդ ամսվանից վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը։

Նախքան թռիչքների դադարեցումը հնդկական ավիաընկերությունները, այդ թվում՝ Air India-ն և IndiGo-ն, ինչպես նաև չինական ավիաընկերությունները, ինչպիսիք են Air China-ն, China Southern-ը և China Eastern-ը, թռիչքներ են իրականացրել երկու երկրների առանցքային քաղաքների միջև։ Աղբյուրների համաձայն՝ ներկայիս բանակցությունները կարող են կհանգեցնել նրան, որ Air India-ն և IndiGo-ն վերսկսեն դեպի Չինաստան իրենց չվերթները։

Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունները սկսել են կարգավորվել այն բանից հետո, երբ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում երկու երկրների ղեկավարներ Նարենդրա Մոդին և Սի Ծինփինը գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին անգամ երկկողմ հանդիպում են ունեցել։ Այն ժամանակ նրանք պայմանավորվել են վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը երկրների միջև, որը դադարեցվել է COVID-19 համավարակից և 2020 թվականի սահմանային բախումներից հետո։

Հնդկաստանի և Չինաստանի միջև Հիմալայներում գծված սահման գոյություն չունի, երկու երկրներին բաժանում է փաստացի վերահսկողության գիծը, ինչը տասնամյակներ շարունակ մնում է որպես լարվածության աղբյուր։