Մեզ հասանելի են այնպիսի ինստիտուտներ, որոնք հնարավոր է կիրառել ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի մակարդակով՝ գործարար Սամվել Կարապետյանի դեմ գործի շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Ես չեմ ցանկանում որևէ բան հայտարարել մինչև վաղվա դատական նիստի արդյունքները տեսնելը։ Կառավարության ներկայացուցիչներն ինձ հետ կապ չեն հաստատել։ Սակայն, նույնիսկ Հայաստանից մեկնելուց հետո, ես մտադիր եմ վերադառնալ և ցանկացած պահի պատրաստ կլինեմ հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցողը արգելված է Կրոնի ազատության մասին Եվրոպական կոնվենցիայով, որը պաշտպանված է միջազգային իրավունքով։
«Վարչապետի ներգրավվածությունը եկեղեցուն վերաբերող հարցերում անընդունելի է։ Ամենաբարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունները վիրավորական են։ Շոկային է, որ Արևմուտքում դա հանրային ուշադրության չի արժանացել։ Սա լուրջ սխալ է։ Նրանք, ովքեր մտածում են եկեղեցու մասին՝ պետք է դիմեն միջազգային կառույցներ։
Արբիտրաժի դեպքում սկզբունքն այն է, որ երկրների կառավարությունները հաճախ չեն կատարում շտապ միջանկյալ որոշումները, բայց կատարում են վերջնական որոշումները, ուստի ժամանակի գործոնը կարևոր է։
Իսկ բոլոր այս գործերի վերջնական արդյունքն ակնհայտ է. Կարապետյանը հաջողության կհասնի, փոխհատուցում կստանա, իսկ վնասը կկրի կա՛մ Հայաստանի ներկա, կա՛մ հաջորդ կառավարությունը»,- ընդգծել է իրավաբանը։
Ամստերդամը հիշեցրել է, որ ամենամեծ արբիտրաժային որոշումը կայացվել է իր վարած «Յուկոսի» գործով։
«Մենք եկեղեցու հարցով անպայման կդիմենք բոլոր միջազգային հարթակներին։ Կառավարությունը երկխոսության մեջ մտնելու լուրջ հնարավորություն ունի, քանի դեռ ծախսերը չեն աճել ոչ միայն իր, այլև Հայաստանի ժողովրդի համար։ Եկեղեցին աջակցում է հասարակությանը և ի վերջո, կառավարությանը, ինչպես նաև խելամիտ է այս խնդիրները կեղծ մեղադրանքների շրջանակներից դուրս լուծելը»,- եզրափակել է նա։





























