Գերմանիայի բոլոր արտաքին սահմաններում 2024 թվականի սեպտեմբերից իրականացվող փաստաթղթերի ստուգումները 2025 թվականի հունիսի վերջին երկրի դաշնային բյուջեին արժեցել են 80,5 միլիոն եվրո։ Նման կերպ է պատասխանել Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը՝ Բունդեսթագի ձախ կուսակցության անդամ Կլարա Բյունգերի գրավոր հարցմանը, գրում է Deutsche Welle-ն։

Նշվում է, որ այս ժամանակահատվածում ԵՄ ներքին սահմաններում ստուգումներ իրականացնելու գործում Գերմանիայի դաշնային ոստիկանության ներգրավման արժեքը կազմել է 24 միլիոնից մինչև 29,1 միլիոն եվրո եռամսյակային կտրվածքով։

Ըստ Գերմանիայի Ներքին գործերի նախարարության վիճակագրության՝ այս տարվա ապրիլից մինչև հունիս դաշնային բյուջեից 8 միլիոն եվրո է հատկացվել ոստիկանների հյուրանոցներում տեղավորման և սննդի համար։ Եվս 3 միլիոն եվրո վճարվել է որպես «անհարմար ժամերին ծառայելու» համար նախատեսված փոխհատուցում։ 2,6 միլիոն եվրո ծախսվել է ոստիկանությանն իրենց աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների և հարմարությունների վրա։ Մոտ երկու միլիոն եվրո է հատկացվել սահմանային անցակետերի գործունեության համար։

Սակայն, ամենազգալի գումարը ծախսվել է դաշնային ոստիկանության աշխատակիցների արտաժամյա աշխատանքի վարձատրության համար, հաղորդում է dpa-ն։ 2024 թվականի սեպտեմբերի կեսից մինչև 2025 թվականի հունիսի վերջը այդ նպատակով հատկացվել է 37,9 միլիոն եվրո։

Գերմանիայի արտաքին սահմաններում վերահսկողությունը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերին՝ Գերմանիայի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի հրամանով։ Այդ միջոցառումը ներդրվել է որպես ժամանակավոր, քանի որ Եվրամիության ներքին սահմաններում սահմանային վերահսկողություն նախատեսված չէ, բայց այդ ժամանակից ի վեր այն մի քանի անգամ երկարաձգվել է՝ նշելով, որ դա անհրաժեշտ է անօրինական ներգաղթի, ինչպես նաև իսլամիստական ահաբեկչության և սահմանային հանցագործության դեմ պայքարի համար։

Ալեքսանդր Դոբրինդտը, որը Նենսի Ֆեզերին փոխարինել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում, այս տարվա մայիսի սկզբին խստացրել է արտաքին սահմաններում վերահսկողությունը։ Այդ միջոցառումը, որը նույնպես ներդրվել էր որպես ժամանակավոր, սկզբում մինչև սեպտեմբեր, կերկարաձգվի այս ժամանակահատվածից հետո, հայտարարել է Դոբրինդտը օգոստոսի սկզբին։ Բացի դրանից, Գերմանիան կշարունակի արտաքսման չվերթներ կազմակերպել։

Գերմանիայի ՆԳՆ տվյալներով՝ այս տարվա մայիսի 8-ից օգոստոսի 4-ը սահմանին մերժվել է Գերմանիա մուտք գործել 493 օտարերկրացու, չնայած այն հանգամանքին, որ նրանք ապաստան էին խնդրել։