Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ կիրակի վաղ առավոտյան հարվածել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի, որն օգտագործում են Իրանի կողմից աջակցվող հութիները՝ Եմենի մայրաքաղաք Սանայից հարավ, իսկ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ հարված է հասցվել Հազիզի էլեկտրակայանին, հաղորդում է Reuters-ը։

Իսրայելի բանակի հայտարարության մեջ ասվում է, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իսրայելի վրա հութիների բազմակի հարձակումների, ներառյալ՝ նրա տարածքի ուղղությամբ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակմանը։ Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Հազիզի էլեկտրակայանի վրա հարձակումն իրականացրել են Իսրայելի ռազմածովային ուժերը։

Al Masirah հեռուստաալիքը հայտնել է, որ էլեկտրակայանը ենթարկվել է ագրեսիայի, ինչի հետևանքով նրա գեներատորներից մի քանիսը շարքից դուրս են եկել։ Հարձակման աղբյուրը չի նշվել։

Ինչպես հայտնում է Al Masirah-ը՝ հղում անելով փոխվարչապետին, հրշեջ խմբերին հաջողվել է մարել բռնկված հրդեհը։ Ըստ տեղի բնակիչների, ավելի վաղ Սանայում առնվազն երկու պայթյուն է լսվել։

Իսրայելը ռմբակոծում է Եմենը՝ ի պատասխան Իսրայելի վրա հութիների հարձակումների։ Եմենական խմբավորումը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասը որսացվել է, ի նշան Գազայի պատերազմի ժամանակ պաղեստինցիների աջակցման։

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ավելի վաղ նույնպես հարձակումներ են իրականացրել Եմենում հութիների վրա։

Մայիսին ԱՄՆ-ը հայտարարել է հութիների հետ անսպասելի համաձայնագրի մասին, որի համաձայն նրանք համաձայնել են դադարեցնել նրանց դեմ ռմբակոծությունների արշավը՝ ի պատասխան Կարմիր ծովում նավագնացության վրա խմբավորման հարձակումների դադարեցման, թեև հութիները հայտարարել են, որ համաձայնագիրը Իսրայելի նկատմամբ ներողամտություն չի նախատեսում։