Մոտ երեսուն տարի առաջ Կրումլովյան անտառում հայտնաբերվել է կայծքարի հանքավայր։ Այն շահագործվել է Հոլոցենի սկզբից մինչև Երկաթի դարի սկիզբը, սակայն արդյունահանումը երբեք զանգվածային չի եղել։ Այն սահմանափակվել է որոշակի հնագիտական մշակույթներով, ինչպիսիք են՝ Խողովակավոր գավաթները, Միխելսբերգը, Գնդաձև ամֆորաները և Մերժանովիցի մշակույթները։
Վերջերս բժիշկ Եվա Վանիչկովան և նրա գործընկերները կիրառել են համալիր մոտեցում, որը ներառում է թաղվածների տարիքի, սեռի, առողջական վիճակի, սննդակարգի, ազգակցական կապերի և աշխարհագրական ծագման ուսումնասիրություն։ Արդյունքը ցնցող են եղել. հայտնաբերված երեք կմախքներից՝ երկուսը մեծահասակներ են եղել, իսկ մեկը՝ նորածին, երկու մեծահասակները կանայք են եղել (մոտ 30-35 և 35-40 տարեկան)։
Արդյունքները հրապարակվել են Archaeological and Anthropological Sciences գիտական ամսագրում։
Ոսկրային փոփոխությունները վկայում են ծանր ֆիզիկական աշխատանքի մասին. ողերի դեֆորմացիաները, ոսկրային աճերը (օստեոֆիտներ), Շմորլի հանգույցները (միջողային սկավառակների ճողվածքներ), գերկիֆոզը և ողերի մաշվածությունը բնորոշ են թեքված դիրքով աշխատելուն, ինչը համապատասխանում է նեղ ստորգետնյա թունելներում հանքագործների աշխատանքին։
Իզոտոպների վերլուծությունը ենթադրում է, որ նրանք տեղացի մարդիկ են եղել, ովքեր իրենց սննդակարգում օգտագործել են միջինից բարձր քանակությամբ կենդանական սպիտակուց՝ հավանաբար ծանր աշխատանքի ժամանակ ֆիզիկական ուժը պահպանելու համար։
Դրանցից նշանակալի ապացույց է արմունկային ոսկրի չբուժված կոտրվածքի առկայությունը. կինը շարունակել է աշխատել նույնիսկ վնասվածքով։ Հնարավոր է, սա կապված է էնեոլիթում փոփոխվող սոցիալական կառուցվածքի հետ, երբ տղամարդիկ ստանձնել են սոցիալական դերեր, իսկ ծանր ֆիզիկական աշխատանքը բարդել են նրանց վրա, ում կարող էին ստիպել, հավանաբար՝ կանանց։
Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ երկու կանայք, հավանաբար, ազգականներ են եղել, հնարավոր է՝ քույրեր։ Նրանց կողքին թաղված նորածինը արյունակցական ազգական չի եղել։
Չնայած կայծքարը արդյունահանվում է նաև մակերեսին մոտ, հնարավոր է, որ դրա խորքային արդյունահանումը սրբազան իմաստ է ունեցել՝ կապելով երկիրն ու նախնիներին։ Այդ կանայք, հնարավոր է, զոհեր կամ ծիսական խորհրդանիշներ են եղել. նրանց վերադարձը դեպի «ակունքներ» կարող է պաշտամունքային նշանակություն ունենալ։ Այսպիսով, հետազոտությունը բացահայտում է, որ կանայք կատարել են հնագույն ժամանակների աշխատանքի ամենածանր ձևերից մեկը և ոչ միայն աշխատել են, այլև կրել են խորհրդանշական, հնարավոր է՝ ծիսական պատասխանատվություն։





























