ԱՄՆ նախագահ Թրամփը որոշել է Նյու Յորքի նախկին քաղաքապետին և իր նախկին փաստաբան Ռուդի Ջուլիանիին պարգևատրել Ազատության նախագահական մեդալով:
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Ռուդի Ջուլիանին՝ Նյու Յորքի պատմության մեծագույն քաղաքապետը և նույնքան մեծ ամերիկացի հայրենասեր, կստանա Ազատության նախագահական մեդալը՝ մեր երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևը: Ժամանակի և վայրի մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ»,- նշել է նա։
Ջուլիանին ղեկավարում էր քաղաքը, երբ տեղի ունեցան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները: Time հանդեսը նրան «Տարվա մարդ» անվանեց, իսկ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին նրան ասպետի կոչում շնորհեց։
2020 թվականի ընտրություններից հետո Ջուլիանին մի շարք իրավական և ֆինանսական խնդիրների բախվեց, երբ կարևոր դեր խաղաց Թրամփի՝ արդյունքները չեղյալ հայտարարելու ջանքերում, նշում է CNN-ը: Ջուլիանին ավելի ուշ դադարեցրեց իր իրավական համագործակցությունը Թրամփի հետ, չնայած, ըստ տեղեկությունների, նրանք մնացին դաշնակիցներ և ընկերներ:
Ըստ տեղեկությունների՝ Ջուլիանիի ավտոմեքենան հանգստյան օրերին ավտովթարի է ենթարկվել, որի հետևանքով Նյու Յորքի նախկին քաղաքապետը վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել է:



























