Վիկինգների դարաշրջանի շախմատի «արքայի» եզակի արձանիկը, որը թվագրվում է մոտավորապես 10-րդ դարով, հայտնաբերվել է Նորվեգիայի հարավում՝ նույնքան հայտնի կառավարիչ Հարալդ «Bluetooth» Գորմսոնի (Haraldr Blátǫnn Gormsson) երբեմնի հսկայական տիրույթում։
Թեև Դանիայի ազգային թանգարանի հնագետ Փիթեր Փենցը նշում է, որ դա թագավորի դիմանկարը չէ, սակայն գտածոյի տարիքը և գտնվելու վայրը բավականին համապատասխանում են նրա դարաշրջանին, գրում է Live Science-ը։
Արձանը փորագրված է ծովափղի ժանիքից և մոտ 3 սմ բարձրություն ունի։ Վնասվածքից անկախ, սանրվածքը և մորուքը բավականին հստակ պահպանված են. մազերը մեջտեղից բաժանված են, կողքերից՝ կոշտ գանգուրներ, ականջները բաց են, իսկ գլխի հետևի մասը կարճ կտրված է. կա մեծ բեղ, այտամորուք և երկար հյուսված մորուք։
Ըստ Փենցի՝ նման սանրվածքը, ամենայն հավանականությամբ, նորաձև էր վիկինգների վերնախավի շրջանում։ Արձանը պատկանում է «Hnefatafl»-ին՝ «Վիկինգական շախմատ» խաղին։ Ցավոք, խաղի տախտակը չի գտնվել, սակայն ընտրված արձանիկի հետ միասին գտնվել են մի քանի ոսկրային «կոճակներ», հավանաբար խաղանիշներից։
Վիկինգների դարաշրջանի գեղարվեստական արտեֆակտների մեծ մասը մարդկանց պատկերներ չի պարունակում, այլ հագեցած է ֆանտաստիկ նախշերով և կենդանիներով։ Ահա թե ինչու է այդ արձանիկն այդքան յուրահատուկ՝ այն քչերից մեկը, որը հստակ մարդկային դեմք է պատկերում։ Փենցը նշում է, որ արձանիկի դեմքը «շատ արտահայտիչ է թվում՝ ծաղրական կամ նույնիսկ չարագուշակ արտահայտությամբ»։
Արձանը թանգարանում է հայտնվել 1798 թվականին Վիկեն շրջանում (Օսլոյի մոտակայքում) պեղումների ժամանակ՝ լինելով թանգարանի առաջին գտածոներից մեկը, բայց հետո նետվել է պահեստ և մոռացության մատնվել։
Վերագտնվելով ավելի քան երկու դար անց՝ այն զարմանք և հիացմունք է առաջացրել. հնագետը խոստովանել է, որ նախկինում երբեք այդքան «կենդանի» բան չէր տեսել վիկինգների դարաշրջանից։





























