Սեպտեմբերի 2-ի երեկոյան Վիլնյուսի օդանավակայանի անվտանգության ծառայությունը տեղեկացրել է օդային նավիգացիոն ընկերությանը, որ Լիեպկալնիսի տարածքում կասկածելի անօդաչու թռչող սարք է նկատվել, հաղորդում է Delfi-ն։

Դրա պատճառով օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքները ժամանակավորապես դադարեցվել են։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, երեքշաբթի երեկոյան Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքը խանգարել է նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային տեղափոխող ինքնաթիռի ժամանակին վայրէջք կատարելուն։

Երբ պարզ է դարձել, որ անօդաչու թռչող սարքը վտանգ չի ներկայացնում՝ օդային երթևեկությունը վերականգնվել է։

«Տրանսպորտի և կապի նախարարության վերջին տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքը օգտագործվել է գովազդային նպատակներով՝ առանց սահմանված պահանջները պահպանելու։ Համապատասխան ծառայությունները ներկայումս հետաքննում են միջադեպի հանգամանքները։ Երբ ստացվեն վերջին տեղեկությունները, հանրությունը կտեղեկացվի դրա մասին։ Օդային երթևեկության ոլորտում գործում են խիստ անվտանգության կանոններ, ուստի նախարարությունը շուտով Լիտվայի օդանավակայանների և օդային նավիգացիայի ներկայացուցիչներին կհրավիրի հանդիպման, որի ժամանակ նրանք կգնահատեն անվտանգության միջոցառումները, ապագայի ծրագրերը և կպարզեն, թե ինչն է պետք բարելավել», - ասվում է հայտարարության մեջ։