ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաշտպանության նախարարությանը հրամայել է պատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Միևնույն ժամանակ, ըստ Հեգսեթի, Վաշինգտոնն այդ երկրների հետ հակամարտության չի ձգտում։
Հեգսեթը հայտարարել է նաև, որ Պեկինում անցկացված զորահանդեսը, որին մասնակցել են Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները և ներկայացվել է նոր սերնդի զենք, նախորդ ԱՄՆ վարչակազմի թուլության արդյունքն էր։
«Ցավոք, նախորդ վարչակազմի թուլությունը մերձեցրեց Ռուսաստանին և Չինաստանին։ Դա ամերիկյան առաջնորդության բացակայության սարսափելի դրսևորում է։ Բայց այդ պատճառով նախագահ Թրամփը մեզ՝ Պաշտպանության նախարարությունում, հրամայել է պատրաստ լինել, պատմականորեն վերակառուցել մեր բանակը, վերակենդանացնել մարտական ոգին և վերականգնել զսպումը։ Ոչ թե այն պատճառով, որ մենք ձգտում ենք հակամարտության, մենք դա չենք անում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, ըստ Հեգսեթի, ԱՄՆ քաղաքականությունը նպատակ չունի հակամարտություններ հրահրել, ընդհակառակը, ձգտում է զսպել դրանք։
Ամերիկացի նախարարը նշել է, որ ԱՄՆ-ը դա ակնարկել է Չինաստանին, Ռուսաստանին և ուրիշներին։
Նա հավելել է, որ մարտական պատրաստվածությունն օգնում է կանխել հակամարտությունը, քանի որ ԱՄՆ-ը երաշխավորում է, որ «ամերիկացի ժողովուրդն անվտանգ է իր տանը»։ Նա ընդգծել է նաև, որ «զորահանդեսների անցկացումը նորմալ է»՝ հույս հայտնելով, որ դրանք չեն հանգեցնի իրական ռազմական հակամարտության։
«Նախագահ Թրամփը հիանալի հարաբերություններ ունի նախագահ Սի Ծինպինի հետ, և նա կօգտագործի դա՝ համատեղ աշխատելու ուղիներ գտնելու հույսով»,- հավելել է նա։




























