Եվրոպայում ավելի ու ավելի նկատելի են դառնում ներգաղթի դեմ տրամադրությունները։ Ֆրանսիայում «Ազգային միասնությունը», Գերմանիայում՝ AfD կուսակցությունը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ Reform-ը։ Սակայն, փորձագետները զգուշացնում են, որ եթե ներգաղթյալների հոսքը կտրուկ սահմանափակվի, Եվրոպան կարող է բախվել բնակչության արագացված կրճատման, տնտեսության դանդաղման և կենսաթոշակների ու տարեցների խնամքի ծախսերի աճի, գրում է The Guardian-ը։

Եվրամիության բնակչությունն արդեն իսկ ծերանում է. ներկայում բնակիչների 21%-ը 65 տարեկանից բարձր է, իսկ մինչև 2100 թվականը այդ մասնաբաժինը կարող է հասնել 32%-ի։ Միևնույն ժամանակ, սահմանների լիակատար փակման դեպքում այդ թիվը կհասնի 36%-ի։

Eurostat-ի բազային կանխատեսումներով՝ ԵՄ բնակչությունը դարի վերջին 447 միլիոնից կնվազի՝ հասնելով 419 միլիոնի։ Առանց միգրացիայի սցենարում անկումը շատ ավելի դրամատիկ կլինի՝ մինչև 295 միլիոն, այսինքն՝ ավելի քան մեկ երրորդով։

Ազդեցությունը հատկապես նկատելի կլինի ցածր ծնելիություն ունեցող երկրներում։ Իտալիայում բնակչությունը կարող է կիսով չափ նվազել։ Գերմանիայում, եթե ներգաղթյալների հոսքը լիովին դադարեցվի, բնակչության թիվը 83 միլիոնից կնվազի և կհասնի շուրջ 53 միլիոնի։ Ներգաղթյալների հոսքը լիովին դադարեցման դեպքում Ֆրանսիան գրեթե 10 միլիոն մարդ կկորցնի։ Միայն մի քանի արևելաեվրոպական երկրներ, մասնավորապես՝ Լատվիան, Լիտվան և Ռումինիան, քիչ են կախված ներգաղթից՝ իրենց քաղաքացիների արտահոսքի պատճառով։

Գիտնականները զգուշացնում են, որ աշխատանքային տարիքի քաղաքացիների թվի նվազումը կհանգեցնի աճի ցածր տեմպերի և հարկային բեռի աճի, քանի որ կենսաթոշակների և դեղորայքի ծախսերը կաճեն։ Շատ առողջապահական համակարգեր արդեն իսկ կախված են օտարերկրացի բժիշկներից և բուժքույրերից։

Ներգաղթը համընդհանուր լուծում չէ, սակայն այն մեղմացնում է ժողովրդագրական ճգնաժամը և ժամանակ է տալիս այլ բարեփոխումների համար՝ զբաղվածության ավելացում, կենսաթոշակային տարիքի բարձրացում և հարկային բեռի վերաբաշխում։ Լավ օրինակ է իտալական Կամինյի գյուղը, որտեղ փախստականների բնակեցումը հնարավորություն է տվել վերականգնել դպրոցը և նոր աշխատատեղեր։

Փորձագետները ընդգծում են, որ Եվրոպան կանգնած է ընտրության առաջ. կամ հարմարվել ծերացող բնակչությանը՝ ներգաղթյալների և ներքին բարեփոխումների օգնությամբ, կամ բախվել լուրջ սոցիալ-տնտեսական ցնցումների։