Բոստոնի (Մասաչուսեթս նահանգ) դաշնային շրջանային դատարանն անօրինական է ճանաչել ԱՄՆ վարչակազմի որոշումը, ըստ որի պետք է սառեցնել Հարվարդի համալսարանի ավելի քան 2,2 միլիարդ դոլարի դրամաշնորհները։ Դոնալդ Թրամփի վարչակազմը ֆինանսավորման դադարեցումը բացատրում է նրանով, որ Հարվարդն իր պատերի ներսում բավականաչափ արդյունավետ չի պայքարում հակասեմականության դեմ։
Նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակված դատավոր Էլիսոն Բարոուզը պարզել է, որ Հարվարդի հետազոտական նախագծերը, որոնք զրկվել էին դաշնային ֆինանսավորումից, որևէ կապ չունեին հակասեմականության հետ, հաղորդում է DW-ն: Բարոուզի խոսքով՝ Թրամփը «օգտագործել է հակասեմականությունը որպես ծխի վարագույր՝ երկրի առաջատար համալսարանների վրա նպատակային, գաղափարախոսական դրդապատճառներով հարձակման համար»: Միևնույն ժամանակ, դատավորը ընդունել է, որ հեղինակավոր Այվի լիգայի համալսարանը վերջին տարիներին տուժել է հակասեմականությունից և կարող էր ավելի լավ լուծել խնդիրը:
Դատարանի որոշումը վերականգնում է Հարվարդի դաշնային ամբողջ ֆինանսավորումը, որը սառեցվել կամ կրճատվել էր ապրիլի 14-ից, ինչպես նաև արգելում է ԱՄՆ կառավարությանը ապագայում կրճատումներ կատարել, եթե դրանք խախտում են համալսարանի սահմանադրական իրավունքները կամ դաշնային օրենսդրությունը։




























