Հռոմի Լևոն XIV պապը հինգշաբթի Առաքելական պալատում ընդունել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին, հաղորդում է Vatican News-ը։
Այնուհետև Իսրայելի նախագահը հանդիպել է պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինիի և պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Գալահերի հետ։
Ըստ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հայտարարության՝ «Սրբազան Հոր և պետքարտուղարությունում ջերմ զրույցների ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքի քաղաքական և սոցիալական իրավիճակը, որտեղ շարունակվում են բազմաթիվ հակամարտություններ, հատուկ ուշադրություն դարձնելով Գազայի ողբերգական իրավիճակին»։
Զրուցակիցները հույս են հայտնել, որ «բանակցությունները հնարավորինս շուտ կվերսկսվեն, որպեսզի պատրաստակամության և համաձայնեցված լուծումների շնորհիվ, ինչպես նաև միջազգային հանրության աջակցությամբ, հնարավոր լինի ազատ արձակել բոլոր պատանդներին, անհապաղ հաստատել մշտական հրադադար, մարդասիրական օգնությունն անվտանգ կերպով հասցնել ամենաշատ տուժած տարածքներին, և մարդասիրական իրավունքը և երկու ժողովուրդների օրինական ձգտումները լիովին հարգվեն»։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ բանակցություններ են վարվել պաղեստինյան ժողովրդի ապագան ապահովելու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովելու վերաբերյալ։
Նշվում է, որ Սուրբ Աթոռը վերահաստատել է իր տեսակետը, որ «երկու պետությունների լուծումը ներկայիս պատերազմից դուրս գալու միակ ելքն է»։
Կողմերն անդրադարձել են նաև Արևմտյան ափում տեղի ունեցողին և Երուսաղեմ քաղաքի կարևոր խնդրին։ Մամուլի ծառայության հայտարարությունն ավարտվել է՝ նշելով, որ «քննարկումների ընթացքում համաձայնության են եկել Սուրբ Աթոռի և Իսրայելի միջև հարաբերությունների պատմական արժեքի վերաբերյալ»։
Մի շարք հարցեր են բարձրացվել նաև քաղաքացիական իշխանությունների և տեղական եկեղեցու միջև հարաբերությունների առնչությամբ՝ հատուկ շեշտադրմամբ քրիստոնեական համայնքների կարևորության և նրանց հանձնառության վրա, թե՛ տեղական, թե՛ ամբողջ Մերձավոր Արևելքում, մարդկային և սոցիալական զարգացմանը, մասնավորապես կրթության, տարածաշրջանում սոցիալական համախմբվածության և կայունության խթանման ոլորտներում։




























