Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ բանակը ներկայում վերահսկում է Գազայի մոտ 40%-ը և առաջ է շարժվում քաղաքի ամբողջական գրավման ծրագրերով՝ նշելով, որ իսրայելական զորքերը մոտենում են դրա կեսի վերահսկողությանը, հաղորդում է Times of Israel-ը։

Իսրայելն անցյալ շաբաթ Գազա քաղաքը, որը գտնվում է տարածքի հյուսիսում, ռազմական ​​գործողությունների գոտի հռչակեց։

Քաղաքի որոշ շրջաններ արդեն համարվում են «կարմիր գոտիներ», որտեղ պաղեստինցիներին հրամայվել է սպասվող ծանր մարտերից առաջ տարհանվել։ Դեֆրինը միաժամանակ հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը դեմ է գործողությանը՝ հայտարարելով, թե Զամիրը լիովին աջակցում է Գազա քաղաքի գրավման ծրագրին։

Նա հավելել է, որ Զամիրը ակնարկել է, որ եթե «պատերազմից հետո օրվա» համար այլընտրանքային շրջանակ չհայտնվի, Իսրայելը Գազայի հատվածում ռազմական կառավարություն կստեղծի։