Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը բազմաթիվ կտորներից կազմված մի փազլ է։ Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
Օվերչուկն ասել է. «Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է՝ բաղկացած մեծ թվով դետալներից։ Այնտեղ կան քաղաքական ասպեկտներ՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ, կան նաև այդ երկրների միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր»։
Նա նշել է, որ այնտեղ կան նաև պետական սահմանը հատելիս իրականացվող վերահսկողության բոլոր տեսակների կազմակերպման և անցկացման, մարդկանց անվտանգության, ճանապարհի բեռնվածության, էկոլոգիայի և կլիմայի, տնտեսական հարցերի և հարևան երկրների շահերի հետ կապված հարցեր։
«Ի վերջո, այնտեղ կան Ռուսաստանի Դաշնության շահերը՝ կապված երկաթուղային կոնցեսիայի, ինչպես նաև Մեղրիի հատվածի շրջանում ռուս սահմանապահների ներկայության հետ։ Շատ տարբեր հարցեր կան, դրանք իրենց բնույթով հիմնականում տեխնիկական են, սակայն դրանցից է կախված վերջնական արդյունքը»,- եզրափակել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Այս թեմայով TASS-ին տված հարցազրույցում Օվերչուկը հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցերով եռակողմ խումբը չի հանդիպել 2023 թվականի հուլիսի սկզբից ի վեր։





























