Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում նոր «մարդասիրական գոտի» ստեղծելու մասին՝ Գազա քաղաքը գրավելու ջանքերի ակտիվացման շրջանակում, հաղորդում է «Times of Israel»-ը։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության՝ գոտին կներառի դաշտային հիվանդանոցներ, ջրատարներ և աղազրկման կայաններ, ինչպես նաև սննդի, վրանների, դեղորայքի և բժշկական պարագաների անընդհատ հոսք, որը համակարգվելու է COGAT-ի միջոցով ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։

Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ այս ջանքերը կշարունակվեն հյուսիսային Գազայի հատվածում ընդլայնվող հարձակմանը զուգահեռ։

Այս հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ իսրայելական զինված ուժերը կոչ են արել քաղաքացիական բնակչությանը տարհանվել Գազա քաղաքի հարավ, որտեղ, ըստ ՑԱԽԱԼ-ի պնդումների, զորքերը փորձում են գրավել ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը և հետագայում արդեն ողջ քաղաքը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը հայտարարել է, որ Գազայի հատվածը «ավերման եզրին է»։