Արգենտինայի իշխող «Ազատության առաջխաղացում» կուսակցությունը պարտվեց երկրի ամենամեծ նահանգի՝ Բուենոս Այրեսի օրենսդիր ժողովի ընտրություններում: Դրա մասին են վկայում ձայների 84.3%-ի հաշվարկից հետո հրապարակված տվյալները:

«Հայրենիքի ուժ» ընդդիմադիր կոալիցիան ստացել է 46.94%, իսկ «Ազատության առաջխաղացում»-ը՝ 33.86%: Իշխող կոալիցիան պարտություն է կրել նահանգի ութ ընտրատարածքներից վեցում:

Բուենոս Այրես նահանգում ապրում է արգենտինացի ընտրողների 38%-ը: Հետևաբար, ընտրություններին մեծ ուշադրություն է դարձվել: Նախագահ Խավիեր Մայլին ելույթ է ունեցել իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավի եզրափակիչ միջոցառման ժամանակ:

Օգոստոսի 28-ին հաղորդվել է, որ Մայլիի կառավարության ժողովրդականությունը զգալիորեն նվազել է հակակոռուպցիոն հետաքննություն հրահրող աուդիոձայնագրության հրապարակումից հետո: Մի քանի օր առաջ արտահոսել էր աուդիոձայնագրություն, որում հաշմանդամների հարցերով գործակալության այն ժամանակվա ղեկավար Դիեգո Սպագնուոլոն բողոքել էր կոռուպցիայից: Նրա խոսքով՝ սխեմային մասնակցել են նախագահի քույրը՝ Կարինա Մայլին, որը զբաղեցնում է նախագահի գրասենյակի քարտուղարի պաշտոնը, և ինստիտուցիոնալ հարցերով փոխնախարար Էդուարդո Մենեմը։