Վենեսուելայի նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Նիկոլաս Մադուրոն հրամայել է 25 հազար զինվորական տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին, ինչպես նաև հանրապետության Կարիբյան և Ատլանտյան ափերին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վենեսուելան բավարար միջոցներ չի ձեռնարկում թմրանյութերի առևտրի դեմ պայքարելու համար։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 19-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք ռազմանավ (USS Gravely, USS Jason Dunham և USS Sampson) ուղարկվել են Կարիբյան ծովի հարավային մաս՝ Վենեսուելայի ափերի մոտ «թմրանյութերի կարտելների դեմ պայքարի գործողություններ իրականացնելու համար»: Հաղորդվել է նաև USS Newport News ատոմային սուզանավի, USS Lake Erie հրթիռային հածանավի, դեսանտային նավերի և 4,5 հազար զինվորականների տեղափոխման մասին։ Սեպտեմբերի 2-ին Թրամփը հայտնել է, որ ամերիկյան զինված ուժերը միջազգային ջրերում իրականացված գործողության ընթացքում ոչնչացրել են վենեսուելական թմրակարտելի 11 անդամների։




























