Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը Ուկրաինայի դեմ պատերազմում երկրի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելն է, ասել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ «[Պուտինը] անշուշտ, ուզում է լիովին օկուպացնել մեզ: Դա նրա համար հաղթանակ է։ Եվ քանի դեռ նա չի կարողանում դա անել, հաղթանակը մեր կողմում է։ Ահա թե ինչու է մեր համար գոյատևումը հաղթանակ, քանի որ մենք գոյատևում ենք մեր ինքնության, մեր երկրի և մեր անկախության շնորհիվ»,- ասել է Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ պատերազմը դադարեցնելու համար ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է ավելի մեծ ճնշում գործադրեն Պուտինի վրա։ «Մենք պետք է դադարենք Ռուսաստանից որևէ էներգակիր գնել։ Սա մարդասպանին կանգնեցնելու միակ միջոցն է։ Անհրաժեշտ է զրկել նրան զենքից։ Էներգիան նրա զենքն է»,- նշել է Զելենսկին։ Միաժամանակ նա ցավով նշել է, որ որոշ եվրոպական երկրներ շարունակում են գնել ռուսական գազ և նավթ։ Ուկրաինայի ղեկավարը մեկնաբանել է նաև Մոսկվայում խաղաղ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ Պուտինի առաջարկը։ «Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր հրթիռակոծվում է։ Ես չեմ կարող գնալ այդ ահաբեկչի մայրաքաղաք։ Եվ նա դա հասկանում է»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Պուտինի մարտավարությունն իր հետ ուղիղ բանակցությունները անընդհատ հետաձգելն է։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ երկկողմ հանդիպման հնարավորությունը չի բացառվում։ «Ես ասացի. լսե՛ք, պարոն նախագահ [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ], ես պատրաստ եմ ցանկացած հանդիպման, բայց ոչ Ռուսաստանում, ցանկացած հանդիպման՝ երկկողմ կամ եռակողմ։ Մենք ուրախ կլինենք, եթե դուք մասնակցեք»,- ասել է Զելենսկին։

«Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ միայն Մոսկվայում, իսկ այլ վայրերում բանակցությունների խնդրանքները համարում է «ավելորդ»։ «Եթե ուզում են մեզ հետ հանդիպել, մենք պատրաստ ենք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է՝ հերոս քաղաք Մոսկվան»,- ասել է Պուտինը։ Նա նաև հավելել է, որ ինքը չի կարողանա Զելենսկու հետ համաձայնության գալ պատերազմի ավարտի շուրջ, քանի որ վերջինս համաձայն չէ Մոսկվայի պահանջներին։ Բացի այդ, Պուտինի խոսքով, նույնիսկ եթե հնարավոր լինի Զելենսկու հետ համաձայնության գալ, ապա Ուկրաինայում անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել՝ տարածքների և նախագահական ընտրությունների վերաբերյալ։