Ռուսաստանի նախագահի «իմպերիալիստական ծրագիրը» չի ավարտվի Ուկրաինայի նվաճմամբ։ Ըստ DW պարբերականի՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«Մենք ամեն օր և աճող ինտենսիվությամբ բախվում ենք հիբրիդային ռուսական հարձակումների, դրանց թվում՝ մեր ենթակառուցվածքների վրա»,- նշել է նա։
Մոսկվան ոչնչացրել է «կանոնների վրա հիմնված կարգը, աշխարհի եվրոպական ճարտարապետությունը», և Գերմանիան կանգնած է «պատմական խնդիրների» առջև՝ «կառուցելու նոր անվտանգության ճարտարապետություն, որը պետք է տևի մի քանի տասնամյակ»,- կարծում է Գերմանիայի կանցլերը։
«Այն, ինչ մենք անվանում ենք լիբերալ համաշխարհային կարգ, բազմաթիվ կողմերից, այդ թվում՝ քաղաքական Արևմուտքի ներսում ճնշման տակ է»,- հայտարարել է Մերցը։
Կանցլերը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին Գերմանիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ կփոխվեն։ «Միացյալ Նահանգները վերանայում է իր շահերը, և դա վերջին օրերին չի սկսվել։ Մենք՝ Եվրոպայում, ևս պետք է ճշգրտենք մեր շահերը՝ առանց կեղծ կարոտախտի»,- կարծում է նա։
Անհրաժեշտ է աշխատել նոր առևտրային համակարգի վրա, դիվերսիֆիկացնել հումքը և առևտրային շղթաները։ Անդրադառնալով Չինաստանի թեմային՝ Մերցը կոչ է արել ավելի շատ անվտանգության վրա կենտրոնացած քաղաքականության վարել։ Պեկինը պետք է համագործակցի կլիմայական հարցերի և համաշխարհային ճգնաժամերի հարցում։ Բայց միևնույն ժամանակ մենք համակարգային մրցակցության սրացում ենք տեսնում»,- ընդգծել է Մերցը։





























