Չինաստանն ու Եվրամիությունը պետք է ամրապնդեն կապերը, փոխվստահությունն ու խորացնեն համագործակցությունը միջազգային երկիմաստ իրավիճակում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ժողովրդական հանրապետություն այցով գտնվող Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
«Որքան ավելի քաոսային և խճճված է դառնում միջազգային իրավիճակը, այնքան Չինաստանն ու ԵՄ-ն պետք է ավելի ամրապնդեն կապերն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև ընդլայնեն համագործակցությունը։ Մենք հույս ունենք, որ Պորտուգալիան կպահպանի Չինաստան-ԵՄ գործընկերության դիրքորոշումը և կնպաստի Չինաստան-ԵՄ հարաբերությունների դիմացկուն, ստաբիլ և առողջ զարգացմանը», - ասել է Չինաստանի առաջնորդը, որի խոսքերը մեջբերում է «Սինհուա»-ն։
Սի Ծինփինի խոսքով՝ աշխարհն այժմ կրկին մտնում է ցնցումների և փոփոխությունների շրջան։ «Չինաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել Պորտուգալիայի հետ բազմակողմանիության ոլորտում, համատեղ խթանել իրական բազմակողմանիությունը, պաշտպանել ՄԱԿ-ի հեղինակությունը, ազատ առևտրի համակարգը և խթանել ավելի արդար և ավելի ողջամիտ համաշխարհային կառավարման համակարգ», - ասել է Չինաստանի առաջնորդը։
Պորտուգալիայի վարչապետը Չինաստանում կլինի սեպտեմբերի 8-ից 10-ը։





























