Գերմանացի քննիչները հինգշաբթի խուզարկել են ծայրահեղ աջ պատգամավոր Մաքսիմիլիան Կրախի գրասենյակները, երբ խորհրդարանը չեղարկել է նրա անձեռնմխելիությունը՝ չինական աղբյուրներից կաշառք ստանալու մեղադրանքների հետաքննության շրջանակում, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

48-ամյա Կրախը, որը հակամիգրացիոն «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության անդամ է, երկար ժամանակ եղել է Չինաստանի հետ ենթադրյալ կապերի շահարկումների կենտրոնում։ 2024 թվականի ապրիլին Բրյուսելում Պեկինի օգտին լրտեսություն անելու կասկածանքով ձերբակալվել է այն ժամանակ Եվրախորհրդարանի անդամը՝ Կրախի նախկին օգնականը։ Մայիսին Գերմանիայի արևելյան Դրեզդեն քաղաքի դատախազները ևս հետաքննություն են սկսել Կրախի նկատմամբ՝ Չինաստանից վճարումներին առնչվող փողերի լվացման և կաշառակերության կասկածանքով։ 

Դատախազները պնդում են, որ Գերմանիայի քաղաքացի Ծյան Գոն համագործակցել է չինական հետախուզության հետ՝ միաժամանակ աշխատելով Կրախի Բրյուսելի գրասենյակում, որտեղ գերմանացի քաղաքական գործիչը 2019 թվականից մինչև այս տարվա սկիզբը Եվրախորհրդարանի անդամ էր։ Der Spiegel պարբերականը, վկայակոչելով հետաքննությանը, հաղորդել է, որ AfD-ն ներկայացնող քաղաքական գործիչը, ենթադրաբար, միայն 2019-2022 թվականներին Գոյին մոտ կանգնած ընկերություններից ավելի քան 50 հազար եվրո է ստացել։

Հինգշաբթի Գերմանիայի խորհրդարանը վերացրել է Կրախի անձեռնմխելիությունը և հայտարարել, որ «հավանություն է տվել նրա դեմ ուղղված խուզարկության և գույքի առգրավման վերաբերյալ դատարանի որոշումների կատարումը»։