Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավորների մեծամասնությունը քվեարկել է նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյին ռազմական հեղաշրջում կազմակերպելու համար մեղավոր ճանաչելու օգտին, ինչը նրան 10 տարվա ազատազրկման է սպառնում հանցավոր դավադրություն ղեկավարելու համար, գրում է The Guardian-ը։

Դատավոր Կարմեն Լուսիա Անտունես Ռոչան հինգշաբթի որոշում է ընդունել, որ 2018 թվականին նախագահ ընտրված Բոլսոնարոն մեղավոր է 2022 թվականի ընտրություններում պարտվելուց հետո իշխանությունը բռնի կերպով կառչելու փորձի մեջ, ինչը նշանակում է, որ դատավարությանը մասնակցող հինգ դատավորներից երեքը մեղավոր են ճանաչել Բրազիլիայի նախկին առաջնորդին։

Բոլսոնարոյի դատավճիռը, ինչպես սպասվում է, կհրապարակվի ուրբաթ, երբ մնացած դատավոր Կրիստիանո Զանինը կքվեարկի։ Փորձագետները նշում են, որ Բրազիլիայում հեղաշրջում կազմակերպելու և ժողովրդավարությունը բռնի կերպով ոչնչացնելու փորձի համար նախատեսված պատիժը կարող է հասնել մինչև 43 տարվա։

Նախկին նախագահն այս շաբաթ դատարան չի ներկայացել՝ մնալով իր մոտակա առանձնատանը, որտեղ տնային կալանքի տակ է, իսկ ոստիկանությունը տեղակայվել է՝ ապահովելու համար, որ նա Բրազիլիայի օտարերկրյա դեսպանատներից մեկը չփախչի։