«Երկրապահ» կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Բանակի օրվա կապակցությամբ (հունվարի 28) ուղերձ է հղել:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձը համայն հայության տոնն է:
Հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի ու ժողովրդի համար չափազանց պատասխանատու ժամանակահատվածում:
Մեր ժողովուրդն իր ոգու եւ կամավորականների խիզախության շնորհիվ ամրագրեց անկախության ձգտումը, ռազմադաշտի հաջողությունները, պետության սահմանները, բանակի անպարտելիությունն ու այսօրվա խաղաղությունը: Խաղաղություն, որ ապահովում է Արցախի եւ Հայաստանի տնտեսության բնականոն զարգացումը:
Մեր բանակը` ծնված երկրապահի մարտնչող ոգուց եւ ժողովրդի անկախության ձգտումից, այսօր 20 տարեկան է եւ այն յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել, ինչպես կվերաբերվենք մեր զավակին, նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում:
Պետությունն ու բանակը բարձրագույն արժեքներ են, նախապայման յուրաքանչյուր ազգի հարատեւման:
Բանակում ծառայելը մեծ առաքելություն է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը` պատիվ ու պատասխանատվություն:
Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի առիթով շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին` Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, մեր զոհված հայորդիների ընտանիքներին, մեր հերոս մայրերին:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության, ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին:
Միասնական ժողովուրդն ու հզոր բանակն ենª երկրի կայունության եւ խաղաղության երաշխիքը: Ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում` ՙԲանակն է ազգային միասնականության օջախը՚:
Արժանի ու պաշտպան լինենք ազգի միասնականությանն ուղղված մեր մարտական ընկերների պատգամին, միասնական եւ արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին: Հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր նոր սերնդին, ով երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում է մեր բանակի շարքերը:
Փառք հայոց հաղթանակած բանակին.
Փառք հայ ժողովրդին»:




























