Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հունվարի 24-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինին, ով ավարտում է առաքելությունը Հայաստանում:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ալեքս Ռասինին` կատարած աշխատանքների, համագործակցության համար, եւ հաշվի առնելով Հայաստանի տարածքների զարգացման գործում նրա ներդրումը, պարգեւատրեց ՏԿՆ ոսկե մեդալով:

Անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ծրագրին` Ա. Գեւորգյանն այն իր էությամբ ու ծավալներով աննախադեպ համարեց: «Ծրագիրն իրականացվեց հիմնականում մարզերում եւ էական նշանակություն ունեցավ տարածքների համաչափ զարգացման համար, քանի որ ուղղված էր կենսական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը»,-նկատեց փոխվարչապետը: Բացի այդ, ըստ նրա, ձեւավորվեց կառավարության, դոնոր կազմակերպության եւ հանրային հատվածի հաջող համագործակցության փորձ, կարեւոր էին նաեւ ծրագրի իրագործման ընթացքում ձեռք բերված հմտությունները, աշխատանքների կազմակերպման նոր ոճը: Միաժամանակ Ա. Գեւորգյանը նշեց, որ կառավարությունը կշարունակի հսկողությունը ծրագրի արդյունքների, եւ, հատկապես, հետերաշխիքային ժամկետում կատարվող աշխատանքների նկատմամբ: Նա կարեւորեց նաեւ ծրագրի նկատմամբ տեխնիկական մոնիտորինգ իրականացնող թիմերի գնահատականները:

Հյուրերը եւս ծրագիրն արդյունավետ եւ հաջողված համարեցին` շնորհակալություն հայտնելով հայկական թիմի հետ համագործակցության եւ ծրագրի իրագործման գործում կառավարության աջակցության համար: Ա.Ռասինը տեղեկացրեց, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կենտրոնական գրասենյակը քննարկել է «ՀՄՀ -Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրերի արդյունքում 100 մլն դրամի չափով խնայողության հարցը եւ որոշել գումարը թողնել հայկական կողմի տրամադրության տակ` ոռոգման համակարգում ներդնելու համար:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը հաջողություններ մաղթեց Ա. Ռասինին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերի շրջանակում հետագա գործունեության մեջ: