Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաների միջև անվտանգության հարցերով հանդիպումը նախատեսված է հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, հաղորդում է Sky News Arabia-ն։
Իսրայելը մի քանի շաբաթ առաջ Սիրիային ներկայացրել է նոր համաձայնագրի առաջարկ, սակայն դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել, իսկ աղբյուրների փոխանցմամբ՝ Դամասկոսը դեռ պատասխան առաջարկ է պատրաստում։
Ըստ տեղեկությունների, Իսրայելի առաջարկը հիմնված է 1979 թվականի Իսրայելի և Եգիպտոսի միջև կնքված խաղաղության պայմանագրի մոդելի վրա, երբ Սինայի թերակղզին բաժանվել էր երեք գոտիների՝ A, B և C, որոնք ունեին տարբեր մակարդակի ռազմական ներկայություն և սպառազինություն՝ կախված Իսսրայելի հետ սահմանից ունեցած հեռավորությունից։
Իսրայելը առաջարկել է նմանատիպ սխեմա կիրառել Դամասկոսի հարավարևմտյան մասից մինչև Իսրայելի հետ սահմանը ընկած տարածքում՝ այն բաժանելով երեք գոտիների՝ ռազմական ներկայության տարբեր աստիճաններով։
Առաջարկը վերաբերում է սիրիական կողմի ապառազմականացված բուֆերային գոտու երկու կիլոմետրով ընդլայնմանը։ Իսրայելի հետ սահմանին ամենամոտ գոտում զորքերի և ծանր սպառազինության տեղակայումն ամբողջությամբ կարգելվի, սակայն սիրիական կողմին կթույլատրվի պահպանել ոստիկանության և ներքին անվտանգության ուժերի ներկայությունը։ Բացի այդ, Դամասկոսի հարավ-արևմուտքից մինչև իսրայելական սահմանն ընկած ողջ տարածքը կարող է սիրիական ավիացիայի թռիչքների համար փակ գոտի հայտարարվել։
Դրա դիմաց Իսրայելը պատրաստ է սկսել իր ուժերի աստիճանական դուրսբերումը Սիրիայում վերջին ամիսներին գրաված տարածքներից, սակայն մտադիր է պահպանել իր ներկայությունը ռազմավարական նշանակության Ջաբալ ալ-Շեյխ (Շեյխ լեռ) բարձունքում։





























