Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Ներկայում գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր առաջնային ուղղություններից մեկը: Փորձում ենք գտնել նոր գործիքներ եւ հնարավորություններ՝ ոլորտի զարգացումը խթանելու համար»: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ «Ռոսսելխոզբանկի» հետ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը նոր քայլեր կհուշի կառավարությանը՝ ոլորտի զարգացման ճանապարհին:

Դմիտրի Պատրուշեւը նշել է, որ բանկը Ռուսաստանի ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, ինչպես նաեւ պետական նպատակային ծրագրերի իրականացնող օպերատորը:

Այնուհետեւ, զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության, ծրագրերի եւ ռուսաստանյան բանկի գործունեության վերաբերյալ:

Կողմերը քննարկել են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ՀՀ-ում «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչության հիմնմանը, լիզինգային տարբերակով գյուղտեխնիկայի հնարավոր ձեռք բերմանը վերաբերող հարցեր: