Շիրակի մրցունակության կենտրոնի տվյալներով, Գյումրիում նկատվում է երիտասարդության իներտացում: «Մենք ցավով ենք արձանագրում Գյումրիում երիտասարդության իներտացումը, երբ հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության ձեւավորած գնահատականը միայն անտարբերությունն է: Նրանք միայն մի ուղղությամբ են մտածում` հավաքել ճամպրուկներն ու հեռանալ»,-այսօր` հունվարի 24-ին, Գյումրիում «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Քաղաքական ու տնտեսական ապակենտրոնացումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը:

Նրա խոսքով, տնտեսության մեջ ապակենտրոնացում չկա, որի պատճառով էլ մարդիկ հեռանում են: «Միակ բանը, որ կարող են անել, որքան հնարավոր է շուտ այս երկիրը լքելու մասին մտածելն է: Մենք ցավով արձանագրում ենք, թե ինչպես են փակվում գործեր, խանութներ, վաճառվում են տները, գույք, իսկ մարդիկ հեռանում են Գյումրիից՝ լավագույն դեպքում մայրաքաղաք»:

Շիրակի մրցունակության կենտրոնի տնօրենը խոսել է նաեւ ազատ տնտեսական գոտու ձեւավորման գաղափարներից, ասելով. «Որքան գիտեմ, այդ օրինագիծը ընդունվեց, երկար ժամանակ քննարկվում էր: Բայց ինչ է այն նշանակում, ես մինչեւ հիմա էլ չեմ հասկանում: Սովորական փորձված մեթոդ է, հարկերից մի փոքր ազատել, մի փոքր արտոնություն եւ վերջ, կզարգանա Գյումրին, գործարարները Գյումրի կգան, բայց ոչինչ չի արվում»: