Ռուսաստանը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը (ԻԿԱՕ) խնդրել է մեղմացնել ռուսական ինքնաթիռների պահեստամասերի և երթուղիների նկատմամբ պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աշխատանքային փաստաթղթերին և իրազեկ աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ Մոսկվան պատժամիջոցների մեղմացում է խնդրել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները սեպտեմբերի 11-ին չեղարկեց բելառուսական «Բելավիա» ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները։ «Բելավիա»-ի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 2023 թվականի օգոստոսին, այն բանից հետո, երբ Մինսկը աջակցել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժմանը։
Եվրամիությունը և այլ արևմտյան երկրներ պատժամիջոցներ են սահմանել ռուսական ավիացիայի նկատմամբ լայնածավալ պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց։
Ռուսաստանը փաստաթղթերը ԻԿԱՕ-ին է տրամադրել կազմակերպության վեհաժողովից առաջ, որը սկսվում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին։
«Անօրինական հարկադրանքի միջոցառումները խախտում են անձի ազատ տեղաշարժի իրավունքը՝ անկախ ազգությունից կամ քաղաքացիությունից», - Reuters-ը մեջբերում է աշխատանքային փաստաթղթերից մեկից։
«ԻԿԱՕ-ն պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ միջազգային քաղաքացիական ավիացիայում քաղաքական դրդապատճառներով խտրական և հարկադրանքի միջոցառումները կանխելու համար», - նշվում է փաստաթղթում։
Աշխատանքային փաստաթղթում Մոսկվան նաև քննադատում է 37 երկրների, որոնք փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար, կասեցրել են թռիչքային պիտանիության վկայականները և արգելել ինքնաթիռների սպասարկումն ու ապահովագրությունը։
2023 թվականի հոկտեմբերին Ռուսաստանն արդեն դիմել էր ԻԿԱՕ-ին՝ ռուսական ավիացիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառած երկրների վրա ազդեցություն ունենալու համար։



























