Ֆրանսիայի Սենատի որոշումը առնվազն եվրոպական մակարդակի իրադարձություն է: Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:
«Այսկերպ Հայոց ցեղասպանության ճանաչման գնացքը շարժվել է տեղից, եւ այն կանգնեցնելն անհնար է»,- նկատել է Իսկանդարյանը:
Նրա խոսքով, իրադարձությունը փոխել է Թուրքիայի շուրջ իրականությունը եւ այդ երկրի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը: «Սենատին լրջորեն օգնեցին հենց թուրքերը, նրանց հիստերիկ արձագանքը»,- ասել է քաղաքագետը: Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների խզման հավանականությունը քննարկելն անլուրջ է: «Թուրքերը կուլ կտան, ուր են նրանք փախչելու, եւ քաղաքականությունը նախկինի պես կշարունակվի»,- ասել է Իսկանդարյանը: Վերջինիս կարծիքով, Թուրքիայի արձագանքը թելադրված էր ոչ միայն զգացմունքներով, այլեւ Ֆրանսիային ահաբեկելու ձգտմամբ:




























