Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական հրավերով ուղեւորվել է ԱՄՆ: Այդ մասին հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Վրաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների պաշտոնական հանդիպումը կայանալու է Սպիտակ տանը հունվարի 30-ին:

Նախքան Օբամայի հետ հանդիպելը Սահակաշվիլին մասնակցելու է Basecamp-ի գագաթաժողովի աշխատանքներին, որը տեղի կունենա Կալիֆոռնիայում հունվարի 27-ից 30-ը: Գագաթաժողովին մասնակցելու են աշխարհի խոշորագույն ներդրողներն ու բիզնես-առաջնորդները: Նախատեսվում է նաեւ Սահակաշվիլիի ելույթը «Բռնապետության տապալումը եւ դեմոկրատիայի կառուցումը. Վրաստանի «Վարդերի հեղափոխությունից» քաղված դասեր» թեմայով:

Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանժագալազեն հաղորդել է, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Սահակաշվիլին հանդիպելու է օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, այդ թվում փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հետ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն: