Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 85 պաղեստինցի, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։
Նրա տեղեկություններով՝ անկլավի հյուսիսային մասում հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, ևս 28-ը՝ կենտրոնական մասում և չորսը՝ հարավում։ Ավելի քան 180 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ։
Հաղորդվել է նաև, որ Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում սովից երկու մահվան դեպք է գրանցել։ Մահացածներից մեկը երեխա է։ Անկլավում սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 455-ի, որոնցից ավելի քան 150-ը երեխաներ են։
Նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 66,000 պաղեստինցի, տուժել է ավելի քան 168,000 մարդ։





























