Հոկտեմբերի 6-ին Հայաստանի գիտությունների ակադեմիայում իր աշխատանքներն է սկսել «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը – 2» (AHME – 2) միջազգային գիտաժողովը։
Համաժողովին մասնակցում են առաջատար մասնագետներ Ավստրալիայից, Ավստրիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսպանիայից, Իտալիայից, Իրանից, Հայաստանից, Հորդանանից, Չինաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Տաջիկստանից։ Կներկայացվեն և կքննարկվեն թեմաներ՝ կապված Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգության, միջնադարյան և հնագույն աստղագիտության, Մետաքսի ճանապարհի աստղագիտական ժառանգության, համաշխարհային տիեզերական ժառանգության, աստղագիտական կրթության և հանրային իրազեկման բարձրացման հետ։
Համաժողովի կազմակերպիչներն են՝ Բյուրականի աստղադիտարանը, Միջազգային աստղագիտական միության Հարավ-Արևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը (SWCA ROAD), Հայկական աստղագիտական ընկերությունը (ArAS), ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Հայաստանի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Արտաքին գործերի նախարարությունը և Գիտությունների ազգային ակադեմիան։
Միջոցառումը կտևի մինչև հոկտեմբերի 10-ը։





























