ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեքշաբթի օրը պահանջել է անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել Գազայում պահվող բոլոր պատանդներին և դադարեցնել ռազմական գործողությունները պատերազմից ավերված պաղեստինյան տարածքում՝ Իսրայելում և ողջ տարածաշրջանում, հայտնում է AFP-ն։
Ելույթ ունենալով պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման երկրորդ տարելիցի կապակցությամբ (որը Գազայի հատվածում վերաճել է պատերազմի) Անտոնիու Գուտերեշը դատապարտել է «մարդասիրական աղետը, որի մասշտաբն անհասկանալի է»։
«Ես դա ասել եմ բազմիցս և այսօր կրկնում եմ էլ ավելի մեծ համառությամբ. ազատ արձակեք պատանդներին՝ անվերապահորեն և անհապաղ,– ասված է նրա հայտարարության մեջ։ – Դադարեցրեք տառապանքները բոլորի համար... Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները Գազայում, Իսրայելում և տարածաշրջանում։ Դադարեցրեք ստիպել քաղաքացիական բնակչությանը վճարել իրենց կյանքով և իրենց ապագայով։ Երկու տարվա տառապանքներից հետո մենք պետք է ընտրենք հույսը։ Հենց հիմա»։
Երկու տարի առաջ այս օրը ՀԱՄԱՍ-ի գլխավորած զինյալները լայնածավալ հարձակում սկսեցին Իսրայելի վրա, որը դարձավ երկրի պատմության մեջ ամենաարյունալի օրը։
Պաղեստինցի զինյալները խախտել էին Գազայի և Իսրայելի միջև սահմանը՝ կրակ բացելով հրազենից, հրթիռներից և նռնակներից՝ Իսրայելի հարավային համայնքների և երաժշտական փառատոնի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 1219 մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք, ըստ Իսրայելի պաշտոնական տվյալների վրա հիմնված AFP-ի հաշվարկների։ Զինյալները նաև 251 մարդու էին պատանդ վերցրել Գազայում, որոնցից 47-ը մնում են գերության մեջ։ Իսրայելի զինվորականների խոսքով գերիներից 25-ը մահացած են։
Ի պատասխան Իսրայելի ռազմական արշավի՝ Գազայի հատվածում օդից, ցամաքից և ծովից, առողջապահության նախարարության տվյալներով, Գազայի հատվածում զոհվել է առնվազն 67 160 մարդ և այդ տվյալները Միավորված ազգերի կազմակերպությունը համարում է վստահելի։





























