Վաշինգտոնը հավանություն է տվել ԱՄԷ-ին միլիարդավոր դոլարների արժողությամբ Nvidia ընկերության բարձր տեխնոլոգիական միկրոսխեմաների մատակարարմանը։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ Առևտրի նախարարության մաս կազմող Արդյունաբերության և անվտանգության բյուրոն նախկինում Nvidia-ին արտահանման լիցենզիաներ է տրամադրել՝ համաձայն Աբու Դաբիի հետ մայիսին կնքված պայմանագրի։ Համաձայնագրի իրականացումը տեղից շարժվել է այն բանից հետո, երբ ԱՄԷ-ն Միացյալ Նահանգներում ներդրումների հստակ ծրագիր է ներկայացրել։ Այս մասին գործակալությանը հայտնել է անանուն ամերիկացի պաշտոնյան։ Ներդրումների չափը և հաստատված միկրոսխեմաների առաքումների ճշգրիտ ծավալը դեռևս չեն բացահայտվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է արտահայտվել ԱՄԷ-ին միկրոսխեմաների մատակարարմանը՝ դեռևս մայիսին Մերձավոր Արևելք կատարած իր շրջագայության ժամանակ։ Կողմերը հույս ունեին, որ կկարողանան արագ համաձայնեցնել գործարքի մանրամասները, Nvidia-ն պատրաստ էր սկսել մատակարարումները, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում վերջնական պայմանավորվածության գալ։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Վաշինգտոնը մտավախություն է ունեցել, որ Մերձավոր Արևելք առաջադեմ չիպերի մատակարարման դեպքում միկրոսխեմաները ստացող երկրները հետագայում կարող են դրանք փոխանցել Չինաստանին։