Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պայմաններն արդեն իսկ պատրաստ էին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք՝ 2024թ․ սեպտեմբերին, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ ժամանակ մերժեց հրադադարը։ Այս մասին հաղորդել է բրիտանական The Times թերթը՝ հղում կատարելով իսրայելցի անկախ բանակցող Գերշոն Բասկինին։
«Այս գործարքը կարող էր կնքվել շատ ավելի վաղ։ ՀԱՄԱՍ-ը նույն պայմաններին համաձայնել էր 2024թ․ սեպտեմբերին։ Սակայն այդ ժամանակ իսրայելցի բանակցողները պատասխանել էին, որ «վարչապետը (Բենիամին Նեթանյահուն) չի համաձայնել դադարեցնել պատերազմը»,- հայտնել է Բասկինը։
Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը նույնպես լուրջ չի ընդունել առաջարկվող համաձայնագիրը։ Բասկինը հետագայում պարզել է, որ իսրայելական կողմը համաձայնագիրը կնքելու որեւէ ծրագիր չի ունեցել մինչեւ ԱՄՆ նախագահի փոփոխությունը։
Հոկտեմբերի 10-ի գիշերը Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելի կառավարությունը հաստատել է «բոլոր պատանդների՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած, ազատ արձակման համաձայնագիրը»։ Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելի եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները Եգիպտոսում բանակցություններից հետո համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Նա նշել է, որ այս փուլը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում «մոտ ապագայում» եւ իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի ներսում համաձայնեցված գծում։




























