ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ Եգիպտոս կատարելիք այցի ընթացքում Գազայի հարցով համաշխարհային առաջնորդների գագաթնաժողով անցկացնել, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գագաթնաժողովը կարող է ապահովել Գազայում Թրամփի խաղաղության ծրագրի լրացուցիչ միջազգային աջակցությունը, քանի որ դեռևս պետք է ավարտվի հետպատերազմյան կառավարման, անվտանգության և վերականգնման վերաբերյալ բարդ համաձայնագրերի շուրջ աշխատանքը։
Ըստ աղբյուրների, գագաթնաժողովը կազմակերպում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, որը արդեն հրավերներ է ուղարկել մի շարք եվրոպացի և արաբ առաջնորդների։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Քաթարի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Ինդոնեզիայի ղեկավարները կամ արտաքին գործերի նախարարները, հայտնել են աղբյուրները։
Ամերիկացի պաշտոնյայի վկայությամբ, այս պահին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մասնակցությունը չի նախատեսվում։ ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են Թրամփի՝ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը։
Ակնկալվում է, որ Թրամփը երկուշաբթի առավոտյան՝ տեղական ժամանակով, կժամանի Իսրայել, ելույթ կունենա Քնեսեթում և կհանդիպի պատանդների ընտանիքների հետ։
Երկուշաբթի կեսօրին Թրամփը կմեկնի Եգիպտոս՝ հանդիպելու աս-Սիսիի հետ և մասնակցելու ստորագրման արարողությանը՝ Գազայի խաղաղ համաձայնագրի մյուս երաշխավորների՝ Եգիպտոսի, Քաթարի և Թուրքիայի հետ միասին։ Գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա երեքշաբթի առավոտյան, սակայն կարող է տեղափոխվել երկուշաբթի, հայտնել են աղբյուրները։
Այն կանցկացվի Շարմ էլ Շեյխում, որտեղ տեղի են ունեցել համաձայնագրի շուրջ բանակցությունները։





























