Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում, իսրայելական ԶԼՄ-ների կողմից իր բազմամյա գրեթե ամբողջական բոյկոտի ֆոնին, հայտարարել է, որ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը չհամաձայնի զինաթափվել՝ «իսկական դժոխք» կսկսվի։

«Մենք համաձայնեցինք հնարավորություն տալ խաղաղությանը», - ասել է Նեթանյահուն՝ պատասխանելով ամերիկյան հեռուստաալիքի հարցին այն մասին, թե ինչպես կարելի է խոսել պատերազմի ավարտի մասին, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը դեռևս տեղակայված են Գազայի որոշ շրջաններում, իսկ ՀԱՄԱՍ-ը վերականգնում է վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ։

Իսրայելի վարչապետը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագիրը, որը հավանության է արժանացել ինչպես Իսրայելի, այնպես էլ ՀԱՄԱՍ-ի կողմից։ Այն նախատեսում է, որ պաղեստինյան խմբավորումը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը ապառազմականացվի, հատվածում չպետք է լինեն զենքի գործարաններ, սահմաններին էլ մաքսանենգություն։

«Մենք պայմանավորվեցինք, եկեք կատարենք առաջին մասը, իսկ հիմա եկեք հնարավորություն տանք կատարելու երկրորդ մասը»,- ասել է Նեթանյահուն՝ հույս հայտնելով, որ ՀԱՄԱՍ-ը «խաղաղությամբ կվայր դնի զենքը», և վերաձևակերպել է Թրամփի խոսքերը, թե հակառակ դեպքում «իսկական դժոխք կսկսվի»։