Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հինգշաբթի հայտարարել է, որ հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Գազա օգնության հոսքը գրեթե չի ավելացել, և սովի նկատելի նվազում չի նկատվել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Իրավիճակը շարունակում է մնալ աղետալի, քանի որ այն, ինչ գալիս է, բավարար չէ»,- լրագրողներին ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ՄԱԿ-ի առողջապահական գործակալության Ժնևի կենտրոնակայանում։
Հոկտեմբերի 10-ին Իսրայելի և Համասի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր «սովը չի մեղմացել, քանի որ բավարար սնունդ չկա», - զգուշացրել է նա։
Պատերազմի ընթացքում Իսրայելը բազմիցս կտրել է Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը, ինչը սրել է ծանր մարդասիրական պայմանները, և ՄԱԿ-ը հայտարարել է, որ դա սովի պատճառ է դարձել Պաղեստինի տարածքի որոշ շրջաններում։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը թույլ է տալիս, որ օրական մուտք գործի 600 բեռնատար, սակայն, ըստ Թեդրոսի՝ ներկայում օրական մուտք է գործում միայն 200-ից 300 բեռնատար։
«Եվ այս բեռնատարների զգալի մասն առևտրային է»,- ասել է նա՝ նշելով, որ տարածքի շատ բնակիչներ չունեն ապրանք գնելու միջոցներ: «Սա նվազեցնում է օգնություն ստացողների թիվը»: ԱՀԿ-ի ղեկավարը ողջունել է հրադադարի պահպանումը՝ չնայած խախտումներին, բայց զգուշացրել. «Ճգնաժամը դեռ շատ հեռու է ավարտից, և կարիքները հսկայական են»:
«Թեև օգնության հոսքն աճել է, բայց այն դեռևս անհրաժեշտ քանակության միայն մի փոքր մասն է»,- հավելել է նա:
Գազայի առողջապահական համակարգն ավերվել էր Իսրայելի՝ Գազայի դեմ երկամյա պատերազմի ընթացքում:
«Գազայում լիարժեք գործող հիվանդանոցներ չկան, և 36-ից միայն 14-ն է գործում: Կա հիմնական դեղորայքի, սարքավորումների և առողջապահական աշխատողների լուրջ պակաս»,- ասել է Թեդրոսը: Նա շեշտել է, որ հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ԱՀԿ-ն ավելի շատ դեղորայք է ուղարկել հիվանդանոցներ, տեղակայել է լրացուցիչ շտապօգնության խմբեր և ձգտում է մեծացնել բժշկական տարհանումների մասշտաբները:
Գեբրեյեսուսը զգուշացրել է, որ Գազայի առողջապահական համակարգի վերականգնման ընդհանուր արժեքը կկազմի առնվազն 7 միլիարդ դոլար:





























