Գերմանական ոստիկանությունը հայտնել է, որ կասեցրել է արվեստի գործեր կեղծող խմբի գործունեությունը, որն իբր միլիոնավոր դոլարներ է պահանջել այնպիսի վարպետների նկարների համար, ինչպիսին են Պաբլո Պիկասոն եւ Ռեմբրանդտը, այդ թվում՝ Ամստերդամի պետական թանգարանում տասնամյակներ շարունակ կախված նկարի համար, տեղեկացրել է Reuters-ը։
Անցյալ շաբաթ ոստիկանությունը ձերբակալել եւ ավելի ուշ պայմանականորեն ազատ է արձակել ենթադրյալ հանցախմբի ղեկավարին՝ Գերմանիայի հարավ-արեւմուտքում բնակվող 77-ամյա մի մարդու։ Նրան եւ նրա 10 հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել արվեստի գործերը կեղծելու կազմակերպված դավադրության մեջ։
Հոկտեմբերի 15-ին, չորեքշաբթի, առավոտյան ժամերին տեղի ունեցած համաժամանակյա շուրջկալների ժամանակ ոստիկանությունը խուզարկել է Գերմանիայի եւ Շվեյցարիայի տարբեր տարածքներում գտնվող շենքեր եւ առգրավել փաստաթղթեր, բջջային հեռախոսներ եւ արվեստի մի քանի կեղծված գործեր, նշվել է Բավարիայի ոստիկանության, որը ղեկավարել է գործողությունը, հայտարարության մեջ։
Ոստիկանությունն առաջին անգամ խմբի գործունեությանն ուշադրություն է դարձրել այն ժամանակ, երբ գլխավոր կասկածյալը վաճառքի է հանել Պիկասոյի երկու, ենթադրաբար՝ բնօրինակ աշխատանքները, որոնցից մեկը պատկանել է լուսանկարիչ եւ ակտիվիստ Դորա Մաարին՝ Պիկասոյի վաղեմի մուսային եւ զուգընկերուհուն։
Հետագա հետաքննությունը պարզել է, որ նա նաեւ 120 միլիոն շվեյցարական ֆրանկ (151 միլիոն դոլար) է խնդրել Ռեմբրանդտի կտավի կեղծ պատճենի համար, որը, ըստ ոստիկանության, 1885-ից կախված է եղել պետական թանգարանում։
Ոստիկանության տվյալներով՝ նկարը պատկանել է 84-ամյա շվեյցարացի կնոջ, որը նույնպես քննության տակ է։ Խարդախության մեջ կասկածվողները պնդում էին, որ Ամստերդամում կախված նկարը պատճենն է։
Ոստիկանության տվյալներով՝ խումբը վաճառքի է հանել առնվազն 19 այլ կեղծված աշխատանքներ, այդ թվում՝ ենթադրաբար Պիտեր Պաուլ Ռուբենսի, Էնթոնի վան Դեյկի, Ժոան Միրոյի, Ամեդեո Մոդիլյանիի եւ Ֆրիդա Կալոյի ստեղծագործությունները, որոնց համար նրանք պահանջում էին 400 հազարից մինչեւ 14 միլիոն եվրո։ Ոստիկանությունը հայտնել է, որ դեռեւս չգիտի՝ արդյոք նկարներից որեւէ մեկը իրականում վաճառվել է։





























