Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստից դեպի Հովտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածում ավազով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարը կամրջի կիսափլուզման պատճառով կամրջի վրա կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում վարորդը, ով Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Գևորգ Բ-ն է, փրկարարներին և պարեկներին հայտնել է, որ ինքը վնասվածքներ չի ստացել:
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:





























