Վրաց պատրիարքարանի օրերս առաջադրած պնդումը, թե Սուրբ Նշան (Սբ. Նիկողայոս) եկեղեցու տեղում հնում եղել է վրաց ուղղափառ եկեղեցի, փաստազուրկ է եւ անհիմն: Այս մասին այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը: «Այո, ավելի հին եկեղեցի տեղում եղել է, բայց դա էլ եղել է հայկական»,- փաստեց հուշարձանագետը:Նրա խոսքով` երեք հիշատակումներ հաստատում են այն իրողությունը, որ նախքան ցարդ կանգուն եկեղեցու կառուցումը եւ առնվազն շուրջ մեկ դար առաջ տեղում եղել է ավելի հին նույնանուն հայկական եկեղեցի:

Այդ հիշատակումներից առաջինը, Սամվել Կարապետյանի խոսքով, խորհրդատետրն է, որի հիշատակարանում մատնանշված գրչության վայրը հանիրավի անորոշ է նկատվել եւ այդ պատճառով էլ հարկավոր քննությունից դուրս է մնացել: «Կեսարացի Անդրի քահանան 1624 թ ձեռագիրը փոխանցել է Տփխիսի Սբ. Նիկողայոս եկեղեցուն, ուստի հետեւում է, որ այդ թվականին քաղաքում գոյություն ունեցած հայոց եկեղեցիների թվում կար նաեւ Սբ. Նիկողայոս անվամբ եկեղեցի»,- ասաց հուշարձանագետը:

Երկրորդ վկայությունը 1656թ-ից է եւ վերաբերում է Սբ. Նշան եկեղեցուն նվիրաբերված Գանձարանին: Իսկ երրորդը 1672թ է, երբ ի թիվս քաղաքի հայկական 8 եկեղեցիների, Սբ. Նշանը հիշատակվում է նաեւ Ֆրանսիայի հայտնի ճանապարհորդ Ժան Շարդենը:

Ինչ վերաբերում է 2012թ  հունվարի 2-ին եւ հունվարի 9-ին տեղի ունեցած հրդեհներին եւ վրացական կողմի փաստարկին, թե այն բռնկվել է երեխաների` հրավառելիքներով խաղալու անփութության պատճառով եւ որ դրան հանգիստ է վերաբերում Հայաստանի Մշակույթի նախարարությունը, Սամվել Կարապետյանի համար տարակուսելի է: Հուշարձանագետը ահազանգում է, որ վերջին երկու հրդեհների արդյունքում ամբողջովին փլուզվել է սյուներից մեկն, ու ամեն պահի կարող է փլուզվել եկեղեցու գմբեթը: Նրա խոսքով` հայկական եկեղեցիների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը նոր չէ, իսկ դրա պատճառը թերեւս հայատացությունն է:  Սամվել Կարապետյանը հայ եկեղեցին պահելու միակ ելքը տեսնում է հայկական կողմի անտարբերության վերացման, կեցվածքի փոփոխության մեջ:

Նշենք, որ Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի եկեղեցին գտնվում է Հերակլի հրապարակից ոչ հեռու` Հ. Հակոբյան եւ Մերեբրյաննայա փողոցների հատույթում: Նրա խոսքով` եկեղեցին առանց գմբեթի հիմնադրվել է 1703-1720թթ, իսկ գմբեթով կառուցվել է 1780թ: