Իտալիայի վերաքննիչ դատարանը որոշել է Գերմանիային արտահանձնել Ուկրաինայի այն քաղաքացուն, որը կասկածվում է «Հյուսիսային հոսք» գազատարի վրա հարձակումները համակարգելու մեջ։ Այս մասին հայտնել է մեղադրյալի փաստաբանը։ Նրա խոսքով՝ պաշտպանությունը նախատեսում է բողոքարկում ներկայացնել Իտալիայի Վճռաբեկ դատարան։

Տղամարդը, որը գաղտնիության մասին գերմանական օրենքների համաձայն կոչվում է Սերգեյ Կ., ձերբակալվել է օգոստոսին իտալական Ռիմինի քաղաքի մոտ՝ եվրոպական օրդերով։

Գերմանացի դատախազների կողմից օգոստոսին հրապարակված հայտարարության համաձայն՝ կասկածյալը Բալթիկ ծովի դանիական Բորնհոլմ կղզու մոտ գտնվող խողովակաշարերի վրա պայթուցիկ սարքեր տեղադրած խմբի անդամ է եղել։

2022 թվականի գազատարի պայթյունները հանգեցրին Եվրոպա ռուսական գազի մատակարարման գրեթե լիակատար դադարեցմանը։ Ուկրաինան հերքում է ներգրավվածությունը։

Սեպտեմբերին Բոլոնիայի դատարանն արդեն իսկ արտահանձնման որոշում էր տվել, սակայն ավելի բարձր դատարանը չեղարկել էր այն։